Հայ-ռուսական համալսարանում կայացավ «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը
2021թ. դեկտեմբերի 3-4-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում կայացավ «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն կազմակերպել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը: Գիտաժողովի անցկացմանն աջակցում է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։
«Չինաստան-Եվրասիա» գիտաժողովի կազմկոմիտեի հիմնադիր ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը նշեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն է դառնալ Չինաստանի և Եվրասիական երկրների հարաբերությունների վերաբերյալ տարվող գիտական քննարկումների միջազգային հարթակ։ Այն լավ առիթ է, որ հայ և արտասահմանցի գիտնականները միմյանց հետ փոխանակեն հետազոտություններ, համեմատեն տարբեր երկրներում կիրառվող մեթոդաբանությունները և նպաստեն միջդիսցիպլինար երկխոսությանը:
«Որպես լավ բարեկամ և գործընկեր՝ Չինաստանը հաստատակամորեն աջակցում է հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին և պատրաստ է կառավարման և տնտեսական զարգացման օգտակար փորձը կիսել Հայաստանի հետ»,- նշեց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։
Նրա խոսքով՝ հայերն ու չինացիներն ունեն բազում ընդհանրություններ՝ հնագույն քաղաքակրթություն, հարուստ մշակույթ, ճկուն միտք. սրանք այն գործոններն են, որոնք այսօր հիմք են ստեղծում արդյունավետ համագործակցության համար: