d

Խաչիկ Պողոս Աստվածատրյան. Հոնկոնգի նշանավոր հայը

Խաչիկ Պողոս Աստվածատրյան. Հոնկոնգի նշանավոր հայը

by Arevik Margaryan
Խաչիկ Պողոս Աստվածատրյանը՝ նույն ինքը Փոլ Չաթերը, Հոնկոնգի հայտնի հայ մուլտիմիլիոնատեր, բարերար, բանկիր, հաշտարար դատարանի դատավոր, գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ, բազմաթիվ ընկերությունների սեփականատեր, Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդականն է եղել։ 20-րդ դարասկզբի Հոնկոնգի ամենաերևելի հայ Խաչիկ Պողոս Աստվածատրյանը ծնվել է 1846 թվականին Կալկաթայում՝ բազմազավակ հայի ընտանիքում։ Չաթերը մանուկ հասակում մկրտվել է Կալկաթայի հայկական Սբ․Նազարեթ եկեղեցում։ Հայրը՝ Չաթեր Պողոս Չաթերը ռեգիստրի աշխատակից էր, մայրը՝ Միրիամը տնային տնտեսուհի էր։ Չաթերն ու Միրիամը ունեցել են 13 երեխա։ Թվում էր, թե կյանքը հանգիստ հունով էր ընթանում, սակայն 7 տարեկան հասակում Խաչիկը կորցնում է հորը, իսկ երկու տարի անց մահանում է նաև մայրը։ Երեխաներին տեղափոխում են որբանոց։ Փոլն այս տարիներին սկսում է սովորել Կալկաթայի քոլեջում, իսկ 18 տարին լրանալուն պես մեկնում է Հոնկոնգ, գումար վաստակելու և քույրերին ու եղբայրներին նորից միավորելու համար, բազմաթիվ դժվարոըթյուններ անցնելով և ճանապարհին հանդիպած բոլոր արգելքները հաղթահարելով, Փոլ Չաթերը Հոնկոնգում մեծ հաջողությունների է հասնում։ Հրեա ընտանիքի օգնությամբ ներթափանցելով Հոնկոնգի բորսա, նա դառնում է խոշոր ֆինանսական գործակալ և զբաղվում է ոսկու սալակտորների ու հողատարածքների առևտրով։
Փոլն իր աշխատասիրությամբ մեծ հարստություն է ձեռք բերում՝ դառնալով խոշոր բանկերի, հողատարածքների, առևտրական նավատորմի սեփականատեր, այդպիսով դառնում Ասիայի ամենահարուստ և Հոնկոնգի այդ ժամանակվա ամենանշանավոր դեմքերից մեկը։ Նրա գործունեության շնորհիվ է նաև, որ Հոնկոնգն իր կարևոր տեղն ունի համաշխարհային տնտեսության մեջ։ 1886 թվականին Չաթերի օգնությամբ ստեղծվեց Հոնկոնգի առաջին կաթնամթերային ֆերման, այսօր այն հայտնի է Dairy Farm International Holdings անունով, իսկ 1890 թվականին օգտագործելով իր կապերն օրենսդիր և գործադիր խորհրդի հետ՝ Չաթերը հիմնեց Հոնկոնգի առաջին էլեկտրակայանը, բացի այդ նրա օժանդակությամբ կառուցվել են Հոնկոնգի համալսարանը, բազմաթիվ դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տներ, ինչպես նաև Հոնկոնգի նավահանգիստը։
1897 թվականին անգլիական կառավարության կողմից Չաթերը պարգևատրվել է «Սբ․ Միքայել» և «Սբ․ Գեորգի» շքանշաններով, իսկ 1902-ին նրան շնորհվել է Սըր տիտղոսը։ Չաթերը կրիկետի և ձիավարության սիրահար էր, նա հաճախ էր ժամանակ անցկացնում Հոնկոնգի կրիկետի ակումբում և բաց չէր թողնում ձիարշավարանի խաղերից և ոչ մեկը։ 1872-ին նա հիմնեց իր սեփական ձիարշավարանը և 1955 թվականին ձիարշավի ասպարեզում Հոնկոնգի հեղինակավոր «Եռակի թագ» մրցանակը կոչվեց Չաթերի անունով։
Հոնկոնգի հանդեպ ունեցած սիրո հետ մեկտեղ, Փոլ Չաթերը եղել է աշխարհում սփռված հայերի խոշոր բարերարներից մեկը։ Իր ողջ կյանքի ընթացքում նա հսկայական գումարներ է նվիրաբերել Հոնկոնգի, Կալկաթայի, Լոնդոնի, Փարիզի, Նանկինի և Պեկինի հայկական սոցիալական հասարակական ու կրոնական լուսավորչական կազմակերպություններին։ Նյութական օգնություն է ցուցաբերել հնդկաստանի հայ եկեղեցիներին, հայկական ծագում ունեցող որբերին, կառուցել է հայկական ծերանոցը, իսկ հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին օգնելու համար Բրիտանիայում հիմնել է հայ գաղթականների բարեգործական հիմնադրամ։

Խաչիկ Փոլ Չաթերը մահացել է 1926 թվականին։ Նրա աճյունն ամփոփված է Հոնկոնգյան գերեզմանատանը։ Երեխաներ չունենալու պատճառով իր կտակի համաձայն կարողության մի մասը փոխանցվել է Կալկաթայի հայկական Սբ․ Նազարեթ եկեղեցուն, որոշ մասն էլ փոխանցվել է այն քոլեջին, որտեղ նա սովորել է։ Ուսումնական հաստատությունն ի պատասխան այս քայլին որոշում կայացրեց առավոտյան օրհներգը սկսել «Մենք երախտապարտ ենք մեր բարերարին՝ հարգարժան Փոլ Չաթերին» բառերով։ Իսկ Կալկաթայի հայկական եկեղեցու հիմնական շենքին կից կառույցը անվանեցին «Սըր Փոլ Չաթերի տուն»։ Ներկայումս Չաթերի անունով են կոչվում բազմաթիվ կառույցներ, փողոցներ, այգիներ։
Հայ բարերարը մեր օրերում էլ շարունակում է հոնկոնգցիների կողմից ընկալվել որպես Հոնկոնգի ամենաբարի ու շռայլ մարդ։

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365