d

Մենք այնքան բան ունենք միմյանց ասելու. Ռուբեն Գինեյը` հայ-չինական մշակութային փոխառնչությունների մասին (հարցազրույց)

Մենք այնքան բան ունենք միմյանց ասելու. Ռուբեն Գինեյը` հայ-չինական մշակութային փոխառնչությունների մասին (հարցազրույց)

ChinArmArt

«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի հանդիսատեսին հաճախ հետաքրքրում է միջնադարյան աստղալաբը, որը տեղ է գտել ֆիլմի պաստառի վրա։ Այն հայտնաբերվել է նկարահանող խմբի՞ կողմից: Ինչո՞ւ հենց այդ առարկան դարձավ ձեր ֆիլմի խորհրդանիշը:

Ռուբեն Գինեյ

Լավ հարցադրում է. երկար տարիների և տասնյակ հարցազրույցների ընթացքում ոչ ոք չի հետաքրքրվել, թե ինչու է աստղալաբը դարձել ֆիլմի խորհրդանիշը։ Աստղալաբը Երևանի՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի շտեմարանում ենք գտել, այն մինչ այդ չէր ցուցադրվել, և ընդամենը մի քանի գիտնական էր տեղյակ դրա գոյության մասին։ Աստղալաբն ինձ համար դարձել է Հայաստանի և հեռավոր երկրների փոխկապակցման մարմնացում, քանի որ այդ առարկան, ըստ էության, այսօրվա ավիատոմսի կենդանի համարժեքն է։ Հնում առանց աստղալաբի մարդիկ չէին կարող երկարատև ճանապարհորդության գնալ, քանի որ հեշտությամբ կմոլորվեին նավարկելիս: Այդ ժամանակներում աստղալաբը, անկասկած, հզոր նավիգացիոն գործիք էր, որն ինչ-որ իմաստով ընդլայնեց մարդկային ընկալման հորիզոնը: Այսպիսով, նշված հանգամանքները, այդ թվում այն, որ այն ստեղծվել է հայ վարպետ Վանադեցու կողմից, ենթադրում է, որ հայերը մշտապես ձգտել են ուսումնասիրել տեսանելի աշխարհից դուրս իրերն ու մարդկանց, այսինքն՝ բացահայտել «Անդինը»: Նշված հանգամանքները պայմանավորեցին աստղալաբի ընտրությունը՝ որպես մեր ֆիլմի խորհրդանիշ:

ChinArmArt

Ի՞նչ ճակատագիր ունեցավ Շանհայում Ձեր կողմից հայտնաբերած հայ տղայի գերեզմանաքարը:

Ռուբեն Գինեյ

Հնգամյա Օնիկի տապանաքարը դարձավ ֆիլմի հերթական խորհրդանիշը։ Պատահական չէ, որ ֆիլմն ավարտվում է հենց այդ թեմայով, որը պարզ է դարձնում, թե որքան քիչ գիտենք մեր սեփական պատմության մասին: Մեզ թվում է, թե Հայաստանի պատմությունը վերաբերում է բացառապես վերջինիս աշխարհագրական դիրքին, իրականում այս միտքը հեռու է իրականությունից։ Հայաստանի պատմությունը շատ խորն է և ավելի հետաքրքիր, քան մենք պատկերացնում ենք: Քչերն են տեղյակ այն փաստի մասին, որ սահմանադրությունը, ըստ որի մենք բոլորս ապրում ենք այսօր, ստեղծվել է Հնդկաստանում, և որ հայ վաճառականների շնորհիվ են եվրոպացիները կարողացել ճանապարհ գտնել դեպի Չինաստան՝ ի վերջո քարտեզագիրներին վերահաստատելով, որ Քաթայը (Cathay) և Սինան (Sinae) միևնույն երկիրն է: Ես կասկածում եմ, որ շատ քչերը կհավատան իմ խոսքերի ճշմարտացիությանը, եթե ասեմ, որ Չինաստանն ու Հայաստանը մի քանի տասնամյակ եղել են նույն պետության՝ Մոնղոլական կայսրության վարչական միավորներ. երկուսն էլ ունեին նույն տիրակալը՝ մոնղոլ խանը, և երկու երկրներն էլ կառավարվում էին համանման օրենքների և կանոնակարգերի համաձայն, որոնք հայտնի էին «Pax Mongolica» անվան ներքո: Իսկ Շանհայի հանրային այգում գտնվող հինգ տարեկան տղայի գերեզմանաքարը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հսկայական հետազոտական ​​աշխատանք ունենք անելու, և ես կուզենայի, որ մարդիկ գիտակցեին դրա դերն ու նշանակությունը: Գերեզմանաքարն ինքնին դեռ զարդարում է լճի շրջանակը, այնուամենայնիվ, այն կարող է ցանկացած պահի հեռացվել…

ChinArmArt

Ի՞նչ եք կարծում` ինչու են արևմտյան, ինչպես նաև չինական գիտական ​​և գեղարվեստական ​​շրջանակները հետաքրքրված չին-հայկական մշակութային անցյալի ուսումնասիրությամբ:

Ռուբեն Գինեյ

Հայաստանը, ինչպես և Մերձավոր Արևելքը, եվրոպական և ամերիկյան շրջանակներում համարվում էր հետաքրքիր, պատմական առումով հարուստ, քիչ հետազոտված տարածաշրջան։ Օրիենտալիզմի ինտենսիվ միտումը ի հայտ էր եկել դարասկզբին (19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ), հատկապես այնպիսի հրապարակումների արդյունքում, ինչպիսիք են Լաֆկադիո Հերնի աշխատությունները Ճապոնիայի պատմության և բանահյուսության վերաբերյալ և «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուն: Եգիպտագիտությունը զուգահեռաբար նույնպես զարգանում էր։ Վիկտորյա թագուհու մահից հետո Էդվարդյան մեծահարուստներն իրենց շքեղ առանձնատներում երազում էին Հայաստանի և Արարատ լեռան, Գիզայի բուրգերի և առեղծվածային Սֆինքսի մասին: Էկզոտիկայի այս մոլուցքը դեռ կենդանի է. թեև նրա անարատ, ռոմանտիկ տարրը հետին պլան է մղվել, այնուհանդերձ, այն շարունակում է հմայել մարդկանց ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա իրավիճակը մի փոքր այլ է. Չինացիները գիտակցում են, որ Հայաստանն իրենց համար մեծ, չուսումնասիրված արխիվ է, և որ ամենակարևորը թարմ, նոր տվյալների շնորհիվ հնարավոր է լույս սփռել սեփական պատմական իրադարձությունների վրա, օրինակ՝ Մետաքսի ճանապարհի հիմնումը, քրիստոնեության և քրիստոնեական մշակույթի տարածումը Չինաստանի արևմտյան հատվածներում, Մերձավոր Արևելքի մշակույթի ազդեցությունը այնպիսի քաղաք-պետությունների վրա, ինչպիսիք են Դունհուանգը կամ Կիզիլը: Կարելի է ասել, որ Չինաստանն ավելի ուշ է սկսել ըմբռնել այդ առաջնային աղբյուրների արժեքն ու նշանակությունը, այդ իսկ պատճառով, հատկապես վերջին ժամանակներում, ակնհայտորեն աճել է վերջինիս հետաքրքրությունը Հայաստանի և հայերի նկատմամբ։

ChinArmArt

Հայացք նետելով ֆիլմին 2021 թվականի դիտանկյունից՝ ի՞նչ կուզենայիք փոխել դրանում, և արդյո՞ք բախտ կունենանք վայելելու շարունակությունը:

Ռուբեն Գինեյ

«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն»-ը թողարկվել է 2014 թվականին, իսկ բոլորին հայտնի տարբերակը թողարկվել է միջազգային կինոփառատոների համար։ Ըստ էության, նախատեսվում էր թողարկել 12 մասից բաղկացած ֆիլմ։ Համառոտ՝ երկու ժամ տևողությամբ տարբերակը, ներառում էր չորս տարվա ընթացքում նկարահանվածի միայն քսան տոկոսը: Մի շարք ասպեկտներ ցուցադրվել են մակերեսորեն, մյուսներն ընդհանրապես չեն նշվել։ Ցավոք, մեր օրերում մարդիկ զբաղված են շատ ավելի կարևոր բաներով, քան պատմությունը։ Այսպիսով, «Անդինը» մնաց բոլորին հայտնի այդ ձևաչափում:

ChinArmArt

Հայ-չինական մշակութային փոխհարաբերություններում վերջին տարիներին առաջընթաց տեսնու՞մ եք։

Ռուբեն Գինեյ

Սա միայն սկիզբն է։ Ես լիովին վստահ եմ, որ մոտ ապագայում երկու հնագույն պետությունների մշակութային և պատմական կապերը շատ ավելի սերտ կլինեն։ Մենք այնքան բան ունենք միմյանց ասելու…

Photo of Ruben Giney: © ReAnimania Int. Animation Film & Comics Art Festival of Yerevan, © Photo Atelier Marashlyan
Poster of the film: ANDIN. Armenian Journey Chronicles (Հայերը մետաքսի ճանապարհին եւ Հնդկական օվկիանոսում), Orion Studio Production 2014©, Directed by Ruben Giney, Produced by Grant Sahakyan, Directors of Photography Azat Gevorgyan, Lin Zhao, Jerome Colin, Music by Luis Argüelles, Certificate of Registration: PA-2-088-473, https://www.youtube.com/watch?v=pswkbz6QkZw&t=69s

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365