Հայ կին արվեստագետը, ով մարմնավորել է հայ բանահյուսությունը կավի և ճենապակու մեջ
Հռիփսիմե Լևոնի Սիմոնյանը ( 1916, Կարս- 1998, Երևան) հայ քանդակագործ-խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարչուհի է (1974)։
Հռիփսիմե Սիմոնյանը ծնվել է Կարսում։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ նրա ընտանիքը 1918 թվականին վերջնականապես հաստատվել է Թբիլիսիում, որտեղ Հռիփսիմեն ավարտել է դպրոցը, իսկ 1945 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետի խեցեգործության բաժինը։ 1956 թվականից եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի խեցեգործության բաժնի վարիչ (1977 թվականից՝ պրոֆեսոր)։
1945 թվականին Հայաստանի նկարիչների միությանը կից կազմակերպել է կիրառական արվեստի բաժին և ղեկավարել մինչև 1975 թվականը։ Երևանի հախճապակու գործարանի մասսայական արտադրության համար ստեղծել է մանրաքանդակների շարք («Հայկական պարեր», 1946), ամանեղենի հավաքածուներ։ 1960 թվականից աշխատել է հրակավով։
Հռիփսիմե Սիմոնյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում, նաև Կուսկովոյի կերամիկական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Լենինգրադի ազգագրական թանգարանում: