Հայ` գինու վաճառականի կերպարի չինական ընկալումը
1944 թ.-ին Նյու Յորքի դիլեր Մաթիաս Կոմորը (1909-1984) Բոստոնի Գեղարվեստի թանգարանին 850
ԱՄՆ դոլարով վաճառեց Թան դինաստիայի օրոք ստեղծված (8-րդ դար) փոքր չափերի մի արձանիկ
(ընդհանուր ՝ 33,5 x 16,3 x 16,3 սմ), որը թանգարանի առցանց հավաքածուում նկարագրված է որպես
«արևմտաասիական տիպի տղամարդ (հավանաբար հայ` գինու վաճառական), որը հովազի մորթիով պատված
գինու տիկ է պահել ձեռքին»: Այս մորուքավոր, մեծ աչքերով, արծվաքթով տղամարդու կերպարը
ջնարակապատ եռագույն կավի տեխնիկայով է ստեղծվել:
8 -րդ դարում Եվրասիայի տարբեր ծայրերից մարդիկ ուղևորվում էին դեպի Թան մայրաքաղաք Չանգան
(ժամանակակից Սիան) ՝ առևտուր անելու, քարոզելու, պարզապես բնակվելու: Արդյունքում, այս ընթացքում
արտասահմանցիների պատկերումները սկսեցին մեծ թիվ կազմել չինական արվեստի գործերում. ջնարակապատ
եռագույն կերամիկան չինացի խեցեգործների շրջանում ամենատարածված միջոցն էր արտասահմանցիների
ներկայացնելու, որն էլ ստեղծեց օտարներին իրենց բնորոշ հանդերձանքով պատկերելու գեղարվեստական
ավանդույթ՝ երբեմն իրենց բեռնված ուղտերով կամ իրենց զբաղմունքի մասին վկայող իրերով: Դրանք
Թան արքունիքի՝ օտարերկրացիներից տպավորությունների և ընկալումների արտացումն են:
Թան դինաստիայի օրոք (618–907) Չինաստանը սկսեց խաղողի գինի ներմուծել Կենտրոնական Ասիայից:
Հայաստանն իր հերթին վաղուց համարվում էր աշխարհի ամենահին գինեգործական շրջաններից մեկը: Մեզ
հայտնի հնագույն գինեգործարանը գտնվել է Հայաստանի Արենի շրջանում, որը ճանաչված է է գինու
արտադրությամբ և էնդեմիկ խաղողատեսակներով նույնիսկ մեր օրերում: