Չինաստանում գործող «Tatev Couture»-ը ոգեշնչվում է հայկական զարդանախշերից և ասեղնագործությունից (հարցազրույց)
ChinArmArt
Որտե՞ղ և ե՞րբ ստեղծվեց «Tatev Couture»-ը:
Tatev Khachaturyan
Որպես բրենդ «Tatev Couture»-ը պաշտոնապես գրանցվել է 2017 թվականին։ Այնուամենայնիվ, հագուստի դիզայնով զբաղվում եմ ավելի վաղ՝ 2007 թվականից, նաև մասնակցել եմ «Prêt-à-porter Yerevan 2008»-ին։
ChinArmArt
Որքա՞ն ժամանակ է, ինչ Չինաստանում եք, և արդյո՞ք գտել եք ձեր ապրանքանիշին համապատասխան շուկա այս երկրում:
Tatev Khachaturyan
Չինաստանում եմ գրեթե 12 տարի: Այնուհանդերձ, պետք է խոստովանեմ, որ իմ ապրանքանիշի համար համապատասխան շուկա գտնելը դժվար է, քանի որ չինական շուկան ավելի նախատեսված է արագ նորաձևության համար, մինչդեռ իմ դիզայնն ավելի հարմար է երեկոյան հագուստի համար:
ChinArmArt
Դուք ոգեշնչվո՞ւմ եք հայկական մշակույթից: Եթե այո, ապա ի՞նչ մեթոդներ ու միջոցներ ունեք՝ ձեր հավաքածուներում ներառելու հայկական զարդանախշերը կամ դրանցից Ձեր տպավորությունները:
Tatev Khachaturyan
Իմ նախորդ հավաքածուներից մի քանիսում մարմնավորվել են հայկական մշակույթի և հայկական այբուբենի տարբեր զարդաձևեր, իսկ գալիք հավաքածուն ամբողջությամբ ներառում է հին հայկական նախշեր` արված հայկական նուրբ ասեղնագործության կարատեսակներով:
ChinArmArt
Ի՞նչ խորհուրդ կտաք հայ մոդելավորողներին, ովքեր պատրաստվում են մուտք գործել չինական շուկա։
Tatev Khachaturyan
Խորհուրդ կտայի ավելի շատ կենտրոնանալ արագ նորաձևության վրա, որը չինական շուկայի առանցքն է, միևնույն ժամանակ փորձելով մտածել ստանդարտներից դուրս: Ինչպես ցույց է տվել պրակտիկան, տարբերվող մոդելավորոմներն ու դիզայնը մեծ հավանականություն ունեն հաճախորդների ուշադրությունը գրավելու: